Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է առաջիկայում պետական քաղաքականության առանցքային հարցերի շուրջ հանրաքվե անցկացնել: Բրիտանական The Guardian-ը մեջբերել է նրա հայտարարությունը. «Երբ հեղափոխություն եղավ, մենք բոլորս միասին էինք: Հեղափոխության գնացքում շատ ուղևորներ կային, ինչ-որ մեկը ինքն իջավ, ինչ-որ մեկին մենք հրեցինք, թեպետ չպետք է այդպես անեինք: Այսօր մեզ պետք են բոլորը` ներառյալ բարեփոխիչները, պահպանողականները և բոլոր նրանք, որ ընդունում են սահմանադրությունը, որպեսզի երկրի զարգացմանն ու առաջընթացի հասնեն: Մենք պետք է կողմնորոշվենք Սահմանադրությունով: Եթե մենք ինչ-որ հարցերում համաձայն չենք, պետք է դիմենք Սահմանադրության 59-րդ հոդվածին` հանրաքվեների անցկացման մասին»: Տեսականորեն Իրանի նախագահից այս քայլը վաղուց էին սպասում: Հատկապես Արևմուտքում, որտեղ Ռոհանին բարեփոխիչի ու լիբերալի հեղինակություն ունի: Բայց այդ քայլը հիմա անելն անակնկալ էր: Որովհետև ձեռնարկվում է այն ընդվզումներից հետո, որոնց բնույթը փորձագետների տարատեսակ գնահատականներին արժանացավ: Ոմանք ասում են, որ ընդվզումները հարուցել էին երկրի բարդ սոցիալ-տնտեսական խնդիրները: Ոմանք վստահ են, որ Իրանի ընդվզումները արտաքին ուժերն էին նախաձեռնել` ԱՄՆ-ը, Իսրայելը կամ Սաուդյան Արաբիան, որ լիովին տեղավորվում է Մերձավոր Արևելքում Թեհրանի դեմ պայքարում ԱՄՆ-ի հայտարարած սցենարի շրջանակներում: Ոմանք էլ վստահ են, որ հուզումները կառավարվում էին և հետևանք էին պահպանողականների ու լիբերալների միջև սրվող ներքաղաքական պայքարի իշխող դասի մեջ: Վիճակը սրում են այլ հանգամանքներ: Նախ` Ռոհանիի հայտարարությունը աջակցություն գտավ իրավապաշտպանների ու գիտնականների շրջանակում: Նրանք կարծում են, որ հանրաքվեն պետք է որոշի իսլամական հեղափոխական վարչակարգի քաղաքական ճակատագիրը, թեպետ նախագահն այդ գաղափարից հրաժարվում է: Երկրորդ` պետք է հաշվի առնել տարիքի գործոնը: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին բոլորովին էլ երիտասարդ չէ: Ռահբարի ՙժառանգության» թեկնածուները այլևս չեն թաքցնում իրենց մտադրությունները: Իրանի տեղեկատվական-քաղաքական դաշտում երկու տեսակետ կա: Ոմանք վստահ են, որ Ռոհանին ունի Խամենեիի աջակցությունը, որ իբր «հարված է հասցնում Իրանի իսլամական հանրապետության պահնորդների կորպուսի պատժամիջոցների տարիներին ձևավորված տնտեսական մոդելին»: Մյուսները, հակառակը, կասկածում են, որ ռահբարը կհամաձայնի հանրաքվեի, հատկապես երբ խոսքը պետական համակարգի հիմնարար սկզբունքների փոփոխության մասին է, որտեղ հոգևորականների իշխանությունը բարձր է նախագահի ու խորհրդարանի իշխանությունից:
Այնուամենայնիվ, Ռոհանին որոշել է հարցը հրապարակայնացնել, որ տրամաբանորեն բարդացնում, ոչ թե պարզեցնում է քաղաքական բարդ գործընթացները: Նախագահը անհրաժեշտ է համարում հանրաքվեով, այլ ոչ թե խորհրդարանով հաստատել տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքի բարեփոխման հարցերը: Նա հայտարարում է, որ պետք է նվազեցնել պետության միջամտությունը տնտեսությանը, առավել մեծ թափանցիկության կոչ է անում: Թուրքական Milli Gazete-ն Իրանի տնտեսական մոդելի ձևափոխման վիթխարի բարդություններ է կանխատեսում, որ անխուսափելիորեն Թեհրանի առաջ կստեղծեն տնտեսական համակարգի ճգնաժամի հեռանկար մի պատկերում, որտեղ «միահյուսվելու են միանգամից մի քանի չափումներ, հավելած` վտանգավոր աշխարհաքաղաքական կոկտեյլը»: ԱՄՆ-ի The Atlantic-ը ենթադրում է, որ ստեղծված բարդ իրավիճակից կարող են օգտվել ուժային կառույցները` ունենալով իրենց համար անցանկալի կամ վտանգավոր ներքին գործոնները վերացնելու բոլոր ռեսուրսները: Իր ժամանակին Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին նույնպես փորձում էր բարեփոխումներ անել, բայց պահպանողականները նրան արագ հանգստի ուղարկեցին: Իրանի ուժայինները համոզված են, որ հայտարարված արտաքին սպառնալիքը` ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռյակից, հազիվ թե վերանա տեսանելի պատմական ժամանակում: Թեհրանի տագնապները մշտապես սնուցվում են: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Աբդել ալ Ջուբեյրը Բրյուսելում Եվրախորհրդարանին հայտարարեց, որ «Իրանի հետ ընթացիկ միջուկային գործարքի պայմանները բավարար չեն` նրա գործունեության վրա ներգործելու համար»: Նրա խոսքով` «Մենք պետք է միասին աշխատենք, որ ստիպենք Իրանին ձեռնպահ մնալ տարածաշրջանի պետությունների ներքին գործերին մասնակցությունից: Հերիք է, հեղափոխությունը վաղուց ավարտվել է»:
Իրանի քաղաքական ասպարեզում կարող են ավելի ակտիվանալ ուժերը, որոնց պայմանականորեն կարելի է համարել չափավոր պահպանողական ճամբարից: Եթե նրանց հաջողվի ազգը միավորող ու ոգևորող նոր քաղաքականություն գտնել, դա թույլ կտա կայունացնել ներքաղաքական իրավիճակը: Շատ փորձագետներ կարծում են, որ կրոնական համակարգի պահպանումը հիմնականում կախված է ձևափոխվելու նրա ունակությունից: Նրանց կարծիքով` կարևոր է ոչ միայն նախագահ Ռոհանիի ու նրա բարեփոխումների ծրագրի գոյությունը, այլև պահը չկորցնելու պատմական ժամանակի զգացողությունը: Պետք է հասկանալ, որ իր շահերի իրականացման համար ԱՄՆ-ն օգտագործելու է Իրանի բազմամարդ ու բավականաչափ ազդեցիկ սփյուռքը: Իսկ դա արտաքին սպառնալիք է: Վերջերս Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին` ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի աննախադեպ ճնշումն Իրանի վրա ձեռնտու չի՞ լինի պահպանողական շրջանակներին, չի՞ հանգեցնի նրանց հնարավոր հաղթանակը արտաքին քաղաքականության արմատականացման, պատասխանեց. ՙԻրանը մեր լավ հարևանն է, Ռուսաստանի վաղեմի ու մերձավոր գործընկերը, ում հետ բավականին մոտ դիրքորոշումներ ունենք համաշխարհային քաղաքականության շատ հարցերում: Ելնելով արտաքին քաղաքական ասպարեզում համընկնող շահերի լայն դաշտից` ՌԴ-ն կառուցում է իր հարաբերությունները ԻԻՀ-ի հետ և մեզ համար այդ դեպքում սկզբունքային նշանակություն չունի Իրանի որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են մեծամասնություն կազմում պետության բարձրագույն ղեկավար մարմիններում` պահպանողականնե՞րը, թե՞ բարեփոխիչները: Պատրաստ ենք աշխատել Իրանի ցանկացած ներկայացուցչի հետ, որ կստանա բնակչության լայն աջակցությունը: Սակայն փորձել մեկուսացնել Թեհրանը և հեռացնել տարածաշրջանի գործերին մասնակցությունից, որ պնդում է ԱՄՆ-ը, անիրագործելի զբաղմունք է: Առանց Իրանի ակտիվ ներգրավման` ծայրահեղ բարդ կլինի տարածաշրջանի շատ ճգնաժամերի լուծումը գտնել»: Առայժմ Իրանի աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակության պատճառով` այդ երկրի վրա ազդեցություն գործելու համար պայքարը միայն ավելի է սրվելու:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Կրոնապետության ու աշխարհիկ պետության միջև պայքարը Իրանում նոր է թափ հավաքում: Գուցե տարօրինակ է, բայց իսլամական աշխարհի միակ աշխարհիկ պետությունը` Թուրքիան հակառակ անցումն է կատարում` աշխարհիկ պետությունից կրոնական պետության: Բարեփոխիչների ու պահպանողականների պայքարն Իրանում զուգորդվում է արտաքին ազդեցություններով և Ռոհանիի գտած հանրաքվեի համադարմանը կարող է ոչ մի արդյունք չտալ` ստանալով հավասար արդյունքներ: Մոլլաների իշխանությունը փոփոխություններ պիտի կրի իր ներսում` այսօր նրանց ձեռքում են երկրի ֆինանսները, նավթի ու գազի արդյունահանումը, խողովակաշարերը և դա կաշկանդում է տնտեսական բարեփոխումները: 2017-ի դեկտեմբերի վերջին սկսված ու մասնակիորեն մինչև այսօր շարունակվող բողոքական շարժումը, որքան էլ հրահրված լինի դրսից, ներսում պարարտ հող է գտնում աղքատության, գործազրկության, մարդու իրավունքների կաշկանդումների մեջ: Իրանում լինելու են փոփոխություններ, խնդիրը ձևն է` ներքևի՞ց, թե՞ վերևից: Հեղափոխությա՞ն, թե՞ բարեփոխումների միջոցով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ